«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Դեղերը` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Ազիզյանի հետ

Դեղերը` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Ազիզյանի հետ

2020 Հոկ 19, Երկուշաբթի

Որքա՞ն հաճախ են դեղեր անհրաժեշտ` հղիության ընթացքում:
Ֆիզիոլոգիական ընթացող հղիությունը, երբ կինն առողջ է և հղիությունն ընթանում է առանց ախտաբանության, որևէ դեղորայքային բուժում չի պահանջվում:
Դեղորայքային բուժում անցկացվում է, եթե հղիությունն ընթանում է ոչ ֆիզիոլոգիական ընթացքով, կամ կան կողմնակի հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս հղիության ժամանակ, կամ եղել են մինչև այդ և անհրաժեշտ է բուժումը չընդհատել:

Հատկապես ինչո՞վ է պայմանավորված դեղերի վնասակար ազդեցությունը պտղի վրա:
Դեղորայքի ազդեցությանը հղիության ժամանակ տարբեր է: Մեծ նշանակություն ունի ո՛չ միայն դեղորայքի տեսակը, այլ նաև հղիության ժամկետը, որովհետև տարբեր ժամկետներում նրանց ազդեցության վտանգը տարբեր է:

Կան հղիության համար կրիտիկական ժամկետներ, որոնց ժամանակ, եթե հնարավոր է, ցանկալի չէ որևէ դեղորայք օգտագործել: Որքան հղիության ժամկետը մեծ է, այնքան դեղորայքի օգտագործման վտանգը նվազում է, և` հակառակը: Ամենաառաջին կրիտիկական ժամկետն է, երբ բեղմնավորված ձվաբջիջը պետք է իմպլանտացիայի ենթարկվի: Դա մոտավորապես բեղմնավորումից հետո 3-4 օրն է: Այդ ժամանակ լինում է՝ «կամ` ամեն ինչ, կամ` ոչինչ»: Այսինքն, այդ ժամանակ արտաքին վնասակար ազդակներից սաղմը կամ մահանում է, կամ` չի վնասվում:

Հղիության հաջորդ վտանգավոր ժամկետը բեղմնավորումից հետո 57-70-րդ օրերն է: Դա ամենապատասխանատու ժամկետն է, որովհետև համընկնում է ներքին օրգանների և պտղի ձևավորման ժամանակահատվածին: Եթե այս ժամկետում որևէ արտաքին վնասակար ազդակ լինի՝ դեղորայք, ռադիացիա, որևէ քիմիական նյութի ազդեցություն, ամենածանր հետևանքները կարող են լինել:

Կախված նրանից, թե հղիության որ ժամեկում է դա տեղի ունենում, կարող են այս կամ այն օրգանի ներարգանդային զարգացման խանգարումներ առաջանալ, որոնք հաճախ արտահայտվում են արատների ձևով (նյարդային, սիրտ-անոթային համակարգի, երիեկամների, տեսողության և այլն): Յուրաքանչյուր օրը նշանակություն ունի, թե ինչ օրգան կարող է վնասվել: Ռիսկային ժամկետ է նաև ընկերքի ձևավորումը (հղիության 12-րդ շաբաթը):
70 օրն անց ժամկետում, եթե մինչև այդ անատոմիական ձևավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, կարող են ազդել օրգան-համակարգերի ֆունկցիաների վրա:

Որքան հղիությունը մեծ է, այնքան վտանգներն ավելի քիչ են:

Որքանո՞վ է արտահայտված ընկերքի պաշտպանական դերը:
Բնության կողմից պտուղն ապահովված է, ընկերքը, ինչպես ասում են. «չինական պատ չէ», սակայն ինչ-որ չափով պտղին արտաքին ազդակներից պահպանում է:

Ընդհանրապես, օգտագործվող դեղերը, կախված իրենց մոլեկուլյար քաշից և չափից, կարող են ընկերքով անցնել կամ չանցնել: Խոշոր չափ և մեծ քաշ ունեցողները չեն անցնում և, փաստորեն, անվտանգ են պտղի համար: Ընկերքով անցնող դեղերի մեջ կան վտանգ ներկայացնող և անվտանգ դեղեր:
Կարևոր դեր ունի նաև ընկերքի վիճակը, որովհետև նորմայում ընկերքով չանցնող դեղն անգամ՝ ընկերքի ֆունկցիոնալ վիճակի խանգարման դեպքում, կարող է թափանցել և վնասել պտղին:

Ինչպե՞ս կողմնորոշվել դեղերի ազդեցությունների հարցում:
Ընդհանրապես դեղերի տեղեկատվական թերթիկներում միշտ նշվում է` արդյո՞ք այն կարելի է օգտագործել հղիության ժամանակ: Կան դեղեր, որոնք բացարձակ հակացուցված են, կամ` հարաբերական հակացուցված են, այսինքն, վտանգավոր են, բայց կարիքի դեպքում, երբ առանց դրանց հնարավոր չէ, նշանակվում են: Այս պարագայում պետք է առաջնորդվել բժշկի հրահանգներով

Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում մոր հիվանդությունների դեպքում:
Մոր սոմատիկ, մեծ տարիքում ձեռք բերած հիվանդությունների (շաքարախտ, վահանաձև գեղձի ախտաբանություն, էպիլեպսիա)` հատկապես քրոնիկ դեպքերում, լուրջ խնդիր է առաջանում:

Ընտրվում են հնարավորին նվազագույն վտանգ ներկայացնող դեղեր: Օրինակ, շաքարային դիաբետով կանայք, որոնք դեղորայքը ստանում են պերօրալ, որի ընդունումը հեշտ է, բայց պտղի համար ցանկալի չէ, հաբերը փոխարինվում են ինսուլինով: Եթե հղին մինչ այդ ինսուլին չէր ստանում, այժմ նրա շաքարի մակարդակն արդեն ղեկավարվում է ինսուլինով, որն օրգանիզմի կողմից արտադրվող նյութ է, ընդամենը լրացվում է նրա պակասը և որևէ բացասական ազդեցություն չի ունենում:

Պարբերական հիվանդության դեպքում հղին շարունակում է ստանալ կոլխիցինը, որն այնքան էլ անվտանգ չէ, բայց որևէ այլ դեղով հնարավոր չէ փոխարինել:
Ուռուցքային հիվանդության ժամանակ կինը պարզապես պետք է չհղիանա: Չարորակ ուռուցքը և հղիությունը համատեղելի չեն` քիմիաթերապիան թույլ չի տա, որ պտուղը զարգանա: Իսկ եթե ուռուցքը ուշ է հայտնաբերվել և երեխան արդեն հասուն է, 1-2 ամիսը վտանգավոր փոփոխությունների չի հանգեցնի: Ընդհանրապես, այս ամենը շատ անհատական է յուրաքանչյուր դեպքի համար: Հարկ է նաև նախապես պարզել, թե որքանո՞վ է կարելի կոնկրետ դեպքում կնոջը` մայրանալ: Նա պետք է իր բուժող բժշկից հղիանալու թույտվություն: Այլապես հղիությունն ընդհատելը ևս խնդիր է:
Այն դեղերը, որոնք նշանակվում են մանկաբարձական, հղիության պահպանման նպատակով, ընթացիկ խնդիրների ժամանակ, անվտանգ են (կամ չեն անցնում ընկերքով, կամ` անցնելու դեպքում անվտանգ են):

Միշտ պետք է հաշվի առնել դեղի վտանգավորությունը, և թե որքանով է անհրաժեշտ հղիին:

Որքանո՞վ է դա հաջողվում:
Առաջին հերթին, կարևորվում է նախ` կնոջ կյանքը, այն միշտ բժշկի համար առաջնային է, ընտրության դեպքում գերադասվում է կնոջ կյանքը:
Հղիության հետ մեկտեղ կինը պետք է հասկանա, որ իր կյանքը փոխվում է և պետք է զգուշանա վնասակար, քիմիական նյութերի, ճառագայթող սարքերի հետ աշխատելուց: Պետք է անել հնարավորինը կնոջ անվտանգությունը պահպանելու համար:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը